Ավետիսյան Աիդա

Avetisyan Aida

 

Աիդա Կոնստանտինի Ավետիսյան
1957 թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:


Ծնվել է 07.04.1932թ., Երևանում:

 

 mus  phot  vid

 

Կրթություն

1940-1950 թթ. ուսանել է Չայկովսկու անվան երաժշտական տասնամյա դպրոցի դաշնամուրային (դաս. Աննա Մնացականյան և ստեղծագործական բաժիններում (ղեկ.` Էդվարդ Միրզոյան):
1950-1955 թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի (ղեկ. Էդվարդ Միրզոյան) և դաշնամուրային (ղեկ.`Յու. Հայրապետյան) բաժիններում:
1982 և 1987 թթ. մասնակցել է դաշնակահարների վերապատրաստման դասընթացների:

 

Աշխատանքային գործունեություն

1955 թ. Էջմիածնի երաժշտական դպրոցում աշխատել է որպես դաշնակահար-մանկավարժ:
1956 թ-ից Կիրովականի (Վանաձոր) Մ. Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանի ստեղծագործական դասարանում դասավանդում է տեսական առարկաներ, վոկալ:
1965-1966 թթ. վարել է Կիրովականի Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնը:
1975 թ. անդամակցել է ՍՍՀՄ և ՀՍՍՀ Երաժշտական ֆոնդին:
1978-1988 թթ. Սպիտակի երաժշտական դպրոցում աշխատել է որպես կոնսուլտանտ, միաժամանակ վարել է Կիրովականի երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնի վարիչի պաշտոնը:
2005-2008 թթ. եղել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պետական քննությունների հանձնաժողովի նախագահ:
Համաքաղաքային փառատոների, մրցույթների ժյուրիի մշտական անդամ է:

 

Ստեղծագործական գործունեություն

Հեղինակ է սիմֆոնիկ, կամերային, գործիքային, երգչախմբային, վոկալ ստեղծագործությունների, որոնք կատարվել են Հայաստանում, Բուլղարիայում, Հունաստանում, Լիբանանում:

1982 թ. ապրիլի 17-ին Կիրովականի Մ. Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանի մեծ դահլիճում կազմակերպվել է հոբելյանական համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Աիդա Ավետիսյանի 50-ամյակին: Հոբելյանական համերգին մասնակցել են ՀԿՄ նախագահ Էդվարդ Միրզոյանը, երաժշտագետ Ժաննա Զուրաբյանը, ԵՊԿ դասախոսներ և օպերային երգիչներ:
1991 թ. ՀՀ մշակույթի նախարարության պայմանագրով գնվել է 13 վոկալիզի ժողովածու` նվիրված կոմպոզիտորի ամուսնու՝ օպերային երգիչ Շ. Դավիդյանի հիշատակին:
2012 թ. սեպտեմբերի 29-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Հայկական երաժշտության համաժողովի նախագահ Լևոն Չաուշյանի և արվեստագիտության դոկտոր Մարգարիտա Ռուխկյանի աջակցությամբ կայացել է հեղինակային հանդիպում-hամերգ ՝ նվիրված Աիդա Ավետիսյանի 80-ամյակին:

Կոմպոզիտորի 58 տարվա մանկավարժական ստեղծագործական և լայնածավալ հասարակական գործունեությունը կապված է նաև «Թռիչք» հասարակական մշակութային կազմակերպության հետ: Դաշնամուրային ստեղծագործությունները հաստատված են ՀՀ մշակույթի նախարարության կողմից ուսումնարանների և կոնսերվատորիայի ծրագրերում` որպես ուսումնական ծրագրեր:
Նրա սաները ԵՊԿ կոմպոզիցայի և դաշնամուրային բաժինների շրջանավարտներ են:

 

Ստեղծագործությունների ցանկ

Կոնցերտ դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար
Կոնցերտ-պոեմ ձայնի և սիմֆոնիկ նվագախմբի համար
Կոնցերտ ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար
Սոնատ դաշնամուրի համար
Սոնատ ջութակի և դաշնամուրի համար
Մանրանվագներ կամերային նվագախմբի համար
«Տոնական» երկու դաշնամուրի համար
«Թակարդում» երաժշտական կատակերգություն (լիբր.` Հովհ. Ղուկասյան)
«Քնարական» քանոնահարների անսամբլի համար
«Հայկական պար» քանոնահարների անսամբլի համար
Ռոմանսների ժողովածու հայ բանաստեղծներ Ավ. Իսահակյանի, Վ. Տերյանի, Հովհ. Շիրազի, Ս. Տարոնցու, Ս. Խալաթյանի, Հովհ. Ղուկասյանի, Վ. Հարությունյանի բառերով
Վոկալիզների ժողովածուներ իգական ձայների, բասի և բարիտոնի համար
Սյուիտ գործիքային քառյակի համար
Երգչախմբային ստեղծագործություններ
Կամերային ստեղծագործություններ ջութակի, թավջութակի և փողային գործիքների համար
Ժողովրդական երգերի մշակումներ
Էստրադային, մանկական և հայրենասիրական երգեր.
«Իմ մայրիկ» (խոսք՝ Ա. Սարգսյանի)
«Կռունկներ» (խոսք՝ Ն. Մագոյանի)
«Ինչու մենք իրարից հեռացանք» (խոսք՝ Ա. Սարգսյանի)
«Կարոտ» (խոսք՝ Է. Դավիդյանի)
«Իմ կյանքը բեմն է» (խոսք՝ Է. Դավիդյանի)
«Թե չգայիր գարունը չէր գա» (խոսք՝ Ա. Ղումաշյանի)
«Mы матерей себе не выбираем» (խոսք՝ Ֆաուզու Ալիևայի)
«Ամանոր» (խոսք՝ Ս. Խալաթյան)
«Սև կատու», խոսք՝ Ս. Խալաթյան)
Հինգ մանկական երգեր ( խոսք՝ Ս. Կապուտիկյանի)
«Քո աչերը» (խոսք՝ Հ. Ղուկասյանի)
«Ինչու է կատուն ուտելեւց հետո լվացվում» (խոսք՝ Հ. Մուրադյանի)

 

Մասնակցություն մրցույթներին, գիտաժողովներին

Ակտիվ մասնակցել է Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) համագումարներին, պլենումներին, փառատոներին, երգչախմբային ընկերության կողմից կազմակերպված տարբեր մրցույթներին, նաև՝ անդրկովկասյան «Գարուն » միջոցառմանը:

 

Կատարողական գործունեություն

Որպես դաշնակահար` համերգներով հանդես է եկել Հայաստանի տարբեր քաղաքներում (Դիլիջան, Ալավերդի, Սպիտակ, Ստեփանավան, Կիրովական) և արտասահմանում (Լեհաստան, Ուկրաինա, Վրաստան, Մերձբալթյան երկրներ):
1982 թ. Դաղստանում մասնակցել է Հայաստանի երաժշտական շաբաթին, ելույթներով հանդես եկել Մախաչկալա, Դերբենտ, Կասպիյսկ քաղաքներում:
2012 թ. սեպտեմբերին Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել նրա հեղինակային համերգ-հանդիպումը:

 

Կոչումներ, մրցանակներ, գիտական աստիճան, պետական պարգևներ

1970 թ. աշխատանքային արիության համար պարգևատրվել է Լենինի անվան Հոբելյանական մեդալով:
1988 թ. երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար արժանացել է «Աշխատանքի վետերան» կոչման:
2014 թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման: